10/06/2013 17:35
Ստամբուլում վերականգնելու են Հայոց ցեղասպանության հուշարձանը
««Ոչ» ասա ռասիզմին և ազգայնամոլութանը» նախաձեռնող խումբը պատրաստվում է Ստամբուլի կենտորանական Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում 1919 թ.-ին կանգնեցված, իսկ հետո ապամոնտաժված հուշարձանի տեղում նորը տեղադրել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նախաձեռնության մամուլի խոսնակ Ջենգիզ Ալգանը նշել է, որ այդ հուշարձանը ժամանակին տեղադրվել է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և հիմա չի կարելի թույլ տալ անցյալի մոռացություն:
Ալգանը նաև հիշեցրել է, որ Գեզի զբոսայգու տարածքը և հարակից զորամասի մի հատվածը ժամանակին հայապատկան է եղել. 1560 թ.-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ հողատարածքը որպես երախտագիտության նշան նվիրել է հայկական համայնքին, քանի որ հայ խոհարարը փրկել էր սուլթանի կյանքը: Այդ տարածքում հայկական գերեզմանատուն է եղել:
«1940-ականներին քեմալականդիկտատուրան հայերից խլեց այդ տարածքը: Գեզի զբոսայգու աստիճանահարթակները հայկական շիրմաքարերից են պատրաստվել: Հայերին կոտորել են: Բայց տասնյակ հազարներով մնացել են ու փորձում են այս հողերում կոտորված իրենց պապերի ողբերգությունն ապացուցել: Մենք էլ նպատակ ունենք ցեղասպանության մասին հիշեցնել, իրականությունը չթաքցնել և չիմացողներին էլ այդ մասին տեղեկացնել: Ցանկանում ենք Գեզի զբոսայգի եկողներին տեղյակ պահել, որ 1919 թ.-ին այդտեղ ցեղասպանության հուշարձան է եղել: Հույս ունենք, որ մի գեղեցիկ օր իսկական վայրում կկանգնեցվի ցեղսպանության հուշարձան»,- ասել է Ջենգիզ Ալգանը: