10/06/2013 16:08
Հ. Ալումյան. Ես չեմ հավակնում և չեմ ուզում ՓՊ նախագահ դառնալ
Փաստաբանների գործադուլի նախաձեռնող խմբի անդամ, ակցիայի կազմակերպիչներից փաստաբան Հայկ Ալումյանը երբեք չի հավակնել Փաստաբաննների պալատի նախագահ դառնալ: Այս մասին այսօր փաստաբանների գործադուլի առթիվ հրավիրված քննարկմանը ասաց Հ. Ալումյանը:
«Ես գործընկերներիս նեղ շրջանակում 4 տարի առաջ հայտարարել եմ, որ չեմ հավակնում և չեմ ցանկանում դառնալ Փաստաբանների պալատի նախագահ: Ես սիրում եմ փաստաբանի աշխատանքը, եթե նկարիչը ուզում է նկարել, նա չի ձգտում դառնալ նկարիչների միության նախագահ, կամ ֆուտբոլիստը` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Իմ գործը այնքան արժեք ունի ինձ համար, որ ես այն երբեք չեմ թողնի»,-ասաց նա:
Հ. Ալումյանի խոսքով` նախորդ տարվա ակցիայի անդամներից իրենց չմիացած փաստաբանների հետ կարծիքների տարբերություն չկա, այլ` մեթոդների:
«Նպատակի և Վճռաբեկ դատարանի գործունեության գնահատականի հարցում մենք տարաձայնություն չունենք, սակայն տարաձայնություն կա նպատակին հասնելու մեթոդի հարցում: Փաստաբանների մի մասը, այդ թվում նաև մենք, սպասում էինք օրենսդրական բարեփոխումների, որովհետև բարեփոխումների իրականցման հարցում մեզ վստահելի մարդիկ էին հավաստիացրել, ուղղակի ձգձգում էին: Այժմ ուզում ենք ամփոփել այն, ինչ տեղի ունեցավ այս մեկ տարվա մեջ: Ուղղակի իրենք թիրախին հասնելու ուրիշ, մենք ուրիշ եղանակ ենք փնտրում»,-ասաց նա:
Հ. Ալումյանի հավաստմամբ` իրեն ամենաշատը մտահոգվում է այն, որ կան փաստաբաններ, որոնք հիասթափվել են, սա է ամենավտանագվոր երևույթը:
Անդրադառնալով իրենց պահանջներին, նա նշեց, որ իրենց ակցիայի մեջ կարևորը ոչ թե պահանջներն են, այլ այն, որ իրենք բարձրաձայնում են խնդիրները: «Մենք, պատկերավոր ասած, մի ջերմաչափ ենք, որ արձանագրում է, որ հիվանդը ունի 42 աստիճան տաքություն, հիվանդի համար կարևոր է դա իմանալ, բայց չեմ տեսել մի ջերմաչափ, որ ասի, հետո հիվանդը ինչ անի: Դրանից հետո նա կարող է բժիշկ կանչի, դեղ խմի, դա իր հարցն է, բայց երբ որոշ ժամանակ հետո այս հարցերը լուծված լինեն, մենք չամաչենք, որ մեր լռությամբ օժանդակել ենք այս խայտառակությունը»,-ասաց նա:
Aysor.am-ի թղթակցի հարցին` եթե կազմակերպիչների կազմը փոխվել է ինչքանով է ճիշտ ասել, որ այս ակցիան նախորդի շարունակությունն է, Հ. Ալումյանը նշեց. «Անցյալ ակցիային մենք հայտարարել ենք, որ եթե մեկ տարի ոչինչ չփոխվի, մեկ տարի հետո նոր ակցիա կանցկացնենք, սա անցյալ ակցիայի շարունակությունն է, իսկ անցյալն էլ նախանցյալի շարունակությունն է: Առաջինը անցկացվել է նախանցյալ տարի, երբ փաստաբանների մի խումբ կանգնեց Վճռաբեկ դատարանի դիմաց և բողոքեց»,-ասաց նա:
«Հակասություն չկա, կա մեթոդների, նպատակների մեջ տարբերություն, մենք իրար լրացնում ենք, ինչը հնարավորություն է տալիս, որ ավելի շուտ հասնենք նպատակին: Պառակտում կամ անհամաձայնություն չկա, պարզապես նույն նպատակին տարբեր մեթոդներով ենք հասնում, մենք կուրախանան, եթե իրենք հասնենք ավելի շուտ, և հակառակը»,-ասաց նա:
Նախորդող հրապարարակում` «Վճռաբեկի որոշումները պետք է պատճառաբանված լինեն»
Փաստաբան. Դատական համակարգում սոսկալի վիճակ է
«Դատավորների դեպքում գործում է իրար խաթրին չկպնելու պրակտիկան»