10/06/2013 18:43
Թուրքագետ. Երկրի իսլամականացման՝ Էրդողանի քայլերը հանգեցրեցին ցույցերի
«Ստամբուլում տեղի ունեցող իրադարձությունները բավականին տարբերվում են «արաբական գարնան» իրադարձություններից: Այստեղ խնդիրը ծագեց որպես բնապահպանական և աստիճանաբար վերաճեց հակաէրդողանական շարժման»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նա նշեց, որ բողոքի ցույցերը Թուրքիայում կապ ունեն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին շրջանում երկրի իսլամականացմանն ուղղված քայլերի հետ, ինչպես նաև՝ քաղաքացիների զուտ բնապահպանական մտահոգությունների հետ:
«Բողոքի ակցիան սոցիալական արդարության հասնելու նպատակ չունի, քանի որ Թուրքիայում` ի տարբերություն «արաբական գարուն» տեսած երկրների, ընտրությունները իրականացվում են ժողովրդավարական ճանապարհներով: Խնդիրը այստեղ Էրդողանի անձնական ամբիցիաների, հավակնությունների հետ կապ ունի»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին Սիրիայի հատուկ ծառայությունների հնարավոր մասնակցության հարցին՝ Իսպիրյանը պատասխանեց, որ չի կարծում, որ Սիրիան այնքան հզոր է, որպեսզի Թուրքիայի սրտում` Ստամբուլում, բողոքի ցույցեր կազմակերպի:
Ըստ նրա՝ Թուրքիայում վերջին շրջանում ալևիների շրջանում բողոքի ալիք բարձրացավ, քանի որ Էրդողանը որոշել էր Եվրոպան Ասիայի հետ միացնող 3-րդ կամուրջն անվանել Սելիմ Ահեղի կամ Սելիմի 1-ինի անունով, ով համարվում է ալևիների, շիական ուղղության հետևորդների՝ պատմության մեջ ամենամեծ ջարդարարը:
«Ալևիների մասնակցությունը այսօրվա ցույցերին կապ ունի հենց Էրդողանի` կամուրջը Սելիմ 1-ինի անունով անվանելու հետ»,- հավելեց բանախոսը: