11/06/2013 09:38
Սուրեն Խաչատրյանը շարունակելու է ղեկավարել Սյունիքը
«168 Ժամն» անդրադարձել է Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրեն Խաչատրյանի հեռանալուն, մարզպետի պաշտոնակատար՝ վերջինիս տեղակալ Արա Դոլունցի նշանակման փաստին, ապա, հղում անելով իր աղբյուրներին, նշել, որ Ա. Դոլունցը կնշանակվի մարզպետ՝ եզրակացնելով, որ այդպիսով Սուրեն Խաչատրյանը շարունակելու է ղեկավարել Սյունիքի մարզը, քանի որ, ինչպես պնդում են սյունեցիները, Ա. Դոլունցը Ս. Խաչատրյանի «դրածոն» է:
«Սուրեն Խաչատրյանն իր 20-ամյա գործունեության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել Գորիսի և հարակից տարածքների տնտեսության առավել եկամտաբեր ոլորտները: Այդ սեփականության շնորհիվ է նաև, որ ձևավորվել էր նրա ազդեցությունը Սյունիքի մարզում: Հունիսի 6-ին Սուրեն Խաչատրյանը հանձնել է իր պաշտոնը, բայց ոչ սեփականությունը: Այսինքն նա պահպանել է իր իրական ազդեցությունը: Եթե իշխանությունը ցանկանար պատժել Սուրեն Խաչատրյանին, ապա պետք է ոչ միայն նրան զրկեր պաշտոնից, այլև սեփականությունից՝ այդ սեփականությունը հանձնելով նոր մարզպետին: Բայց իշխանությունը չի կարող ամեն նման առիթով սեփականության վերաբաշխում իրականացնել, քանի որ դա դժգոհություն և անվստահություն կառաջացնի իշխանական էլիտայի շրջանում, որը սիրում է կայունություն և կանխատեսելիություն: Ընդհակառակը, էլիտան համոզված է, որ իշխանությունը պետք է ծառայի այդ սեփականության պաշտպանությանը և բազմապատկմանը»,- նկատել է թերթը: