11/06/2013 18:40
Փոխնախարար. Բյուջեի կատարման հաշվետվությունը պետք չէ դիտարկել որպես թատրոն
«Պետք չէ այստեղ թատրոն խաղալ, այո, արտագաղթը կապ չունի ՀՆԱ-ի աճի հետ, որովհետև Հայաստանում ՀՆԱ-ի աճ չկա, կա վիճակագրական կեղծիք»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ինչին արձագանքեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ արտագաղթի տեմպերը ՀՆԱ-ի աճի հետ կապ չունեն։
ԱԺ պատգամավորը կրկին արձագանքեց, թե Հայաստանում տեղի է ունենում տնտեսական ահավոր անկում, մարդիկ թողնում և փախչում են Հայաստանից. «Այն, որ դուք կեղծում եք թվերը, մնում է այս կառավարության խղճին»:
Ա. Ջանջուղազյանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ՝ նշելով, որ նա ճիշտ կարող է լինել միայն մի դեպքում, եթե նա ներկայացնի այլընտրանքային ծառայություններ, որոնք կկարողանային բացահայտել ավելի ճիշտ ցուցանիշներ։
«Այն, ինչ այսօր մենք ներկայացրել ենք, մեզ հայտնի ամենաճիշտ ցուցանիշներն են, եթե դուք այլ ցուցանիշներ ունեք, ապա լավ կլինի իրազեկել մեզ՝ հիմնավորելով դրանց ծագման աղբյուրները»,- ընդգծեց Ա. Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ընդունելի չէ բյուջեի կատարման հաշվետվությունը դիտարկել որպես թատրոն։