12/06/2013 14:43
Ահազանգ ՀՅԴ պատգամավորից. Էներգետիկայի նախարարը չի տիրապետում իրավիճակին
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Որոտանի հիդրոհամակարգի մասնավորեցման վերաբերյալ երկու շաբաթ առաջ հնչեցրեց մի հայտարարությունը, որը ցույց տվեց, որ նա ոչ միայն չի տիրապետում ոլորտին, այլև՝ չի տիրապետում իրավիճակին: Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Շարունակելով խոսքը՝ Ա. Մինասյանն ասաց, որ Որոտանի հիդրոհամակարգը 2006-07-ին ընդունված մասնավորեցման ծրագրից հանվել է, սակայն էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ ԱԺ-ն մասնավորեցնում է համակարգը՝ ներառելով ընկերությունը մասնավորեցման ծրագրում. «Սրա մասնավորեցումը նշանակում է՝ հերթական անգամ կատարել քայլ՝ վնաս պատճառելով պետությանը»:
Ա. Մինասյանը հայտնեց, որ Որոտանի հիդրոհամակարգը գրեթե կես ատոմակայան է, և Հայաստանի համար ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրող է, այլև՝ լուրջ համակարգային ձեռնարկություն, որը լուրջ խնդիրներ է լուծում:
Էներգետիկ ոլորտը, ըստ Ա. Մինaսյանի, խայտառակ վիճակում է, և ինքը պատրաստվում է հրավիրել վարչապետի ուշադրությունը այդ ուղղությամբ: