12/06/2013 09:23
«Նարիրտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են
«Հայկական ժամանակի» տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարության և ռուսական «Իտեռա» ընկերության միջև «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են: Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրջ: Ըստ այդ տեղեկությունների, ռուսական կողմը պահանջում է զրոյացնել «Նաիրիտի» պարտքերը և որպես որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված ձեռնարկություն՝ վաճառել իրենց: Հայկական կողմին, սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ:
Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ «Նաիրիտի» հետ այնպիսի ֆինանսական մութ սխեմաներ են կիրառել, այնպես են «կթել» արդյունաբերական այդ հսկան, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ի վերջո որքան պարտք ունի «Նաիրիտը», ում է պարտք, ինչպես են գոյացել այդ պարտքերը: Բավական է ասել, որ «Նաիրիտից» մի քանի տարի անընդմեջ «սնվել են» մի քանի օֆշորային ընկերություններ, որոնք տասնյակ միլիոնների շահույթներ են ստացել, իսկ «Նաիրիտը», մեղմ ասած, սնանկացել է: Ըստ որոշ հաշվարկների, «Նաիրիտի» պարտքերը տարբեր բանկերի և ընկերությունների կարող է հասնել մինչև 250-300 միլիոն դոլարի, իսկ «Նաիրիտի» վերազինման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար»,- գրել է թերթը: