12/06/2013 17:40
Պարույր Հայրիկյանը ճանաչեց իրեն կրակողին
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում ցուցմունք է տվել տուժող Պ. Հայրիկյանը: Նա մատնացույց արեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին և հայտնեց, որ նա է իր վրա կրակել: Նա նաև նշեց, որ կրակողը ոչ թե իրեն վախեցնելու, այլ սպանելու մտադրություն է ունեցել:
Խ. Պողոսյանը հակադարձեց` նշելով, որ եթե սպանելու մտադրություն ունենար, ապա մի քանի անգամ կկրակեր, իսկ «Աֆղանստանում կռված տղեն չէր կարող 60 սմ-ից վրիպել»:
Պ. Հայրիկյանը նշեց, որ իրեն ցանկացել են սպանել, որ նա ՀՀ նախագահ չընտրվի:
Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կա 3 մեղադրյալ` Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Խ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Նախորդող հրապարակում` Պ. Հայրիկյանի կինն այսօր հարցաքննվեց. Հայրիկյանը նիստին չէր ներկայացել
Դատարանում հարցաքննվեց Պարույր Հայրիկյանի հարևանը