12/06/2013 16:17
Վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին
Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մամուլում մեծ աղմուկ հանած օֆշորային գոտում ստեղծված ձեռնարկություններին:
«Մեղադրվում եմ, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով Հայաստանում խլել ինչ-որ մեկի բիզնեսը: Սակայն ֆինանսական համակարգին փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ դա անհեթեթություն է, քանի որ դա անհեթեթ մշակված սխեմա է: Բացատրությունների կարիք չկա, քանի որ դա անհեթեթություն է: Ավելին՝ որևէ մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն՝ Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա օֆշորային գոտու առանձնահատկություններից է:
Վարչապետը պարզաբանեց, թե այս պատմության նպատակն իրեն վարկաբեկելն է, որը, վարչապետի խոսքով, հիասքանչ ձև է վարկաբեկման համար:
Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ նշյալ ձեռնարկությունն օֆշորային գոտում գրանցելու օրը՝ 2010-ի մայիսի 6-ին, ինքը պաշտոնական այցով գտնվել է Պրահայում և միևնույն ժամանակ չէր կարող մի քանի վայրում լինել:
Վարչապետը նկատեց, որ նման մեղադրանքներին նորմալ է վերաբերում, քանի որ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Տիգրան Սարգսյանը թվարկեց մի շարք մեղադրանքներ, որոնք ուղղված են եղել իրեն:
Շարունակելով խոսքը՝ Տ. Սարգսյանն ասաց, որ կառավարության, Նախագահի և խորհրդարանական մեծամասնության ջանքերի շնորհիվ իրենք ընդունել են մի օրենք, ըստ որի, հինգ հարյուր պաշտոնատար անձանց եկամուտները պետք է դառնան հրապարակային:
«Մենք գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով, թեև շատերը խորհուրդ էին տալիս այդ ճանապարհով չգնալ, քանի որ դառնալու էր քաղաքական սպեկուլյացիայի առարկա, բայց մենք կարծում ենք, որ սա ճիշտ ճանապարհ է, որպեսզի ցանկացած բարձրաստիճան անձ ի սկզբանե կաշկանդված լինի՝ իմանալով, որ իր ունեցվածքին, գործունեությանը խոշորացույցով են նայելու»,- ասաց վարչապետը՝ ուրախություն հայտնելով, որ այսօր թիրախում ինքն է:
Նա պատրաստակամություն հայտնեց ներկայացնելու ճշմարտությունը և բավարար ապացույցներ:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետը դատախազություն է դիմել