12/06/2013 13:34
Վարդան Մինասյան. «Հայաստանի հավաքականի հոգեբանությունը փոխվել է»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Դանիայի ընտրանու նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ մեր թիմի հոգեբանությունը փոխվել է: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
- Ի՞նչն էր փոխվել Հայաստանի հավաքականում Մալթայի ընտրանու հետ խաղից հետո:
- Հոգեբանությունը: Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր: Հաշիվը, այո, անակնկալ էր, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարևորը ցուցադրած խաղն է և արդյունքը:
- Մարտավարությունն սկզբից էիք ընտրել, թե՞ արագ գոլը փոխեց ծրագրերը:
- Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել և հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք:
- Հայաստանի հավաքականը կպայքարի՞ խմբից դուրս գալու համար:
- Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:
- Այս խաղից հետո կարելի՞ է ասել, որ Մալթայի հետ խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր:
- Ես կարծում եմ, որ պատահականություններ երբեք չեն լինում:
- Մեր թիմի կազմում ո՞վ էր լավագույնը:
- Չեմ կարող ասել: Դուք որոշեք: