14/06/2013 09:12
«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը դաժանաբար ծեծվել է իր աշխատասենյակում
«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Սերգեյ Արզումանյանը: Նա արդեն երեք օր է, ինչ աշխատանքի չի գնում:
Բանկում շրջանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են: Դրանից հետո դուրս է եկել Արզումանյանը, որի դեմքը անճանաչելի է եղել: Բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մի կես ժամ առաջ Արզումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ:
Թե ով է եղել այդ անձնավորությունը, թերթին չի հաջողվել պարզել: Սերգեյ Արզումանյանի հետ կապվելու բոլոր փորձերը անցել են ապարդյուն: Հայտնի է միայն, որ նա չի դիմել ոչ ոստիկանություն, և ոչ էլ առողջապահական որևէ հիմնարկ: Նշենք, որ Սերգեյ Արզումանյանը բանկային համակարգում է երկար տարիներ և համարվում է իր գործի պրոֆեսիոնալներից: «Հայբիզնեսբանկի» բաժնետերը Վիտալի Գրիգորյանն է որը հիմնականում բնակվում է արտերկրում: