14/06/2013 16:03
«Իրաքը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրված դեղերի նկատմամբ»
Մինչև սեպտեմբեր «Արփիմեդ» և «Լիկվոր» դեղագործական ընկերությունները կստանան Պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագիր: Այս մասին Aysor.am-ին ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Հավաստագիրը հնարավորություն կտա այդ ընկերություններին իրենց արտադրանքն իրացնել եվրոպական երկրներում, վստահություն կլինի հայաստանյան դեղերի հանդեպ:
Ս. Զաքարյանի փոխանցմամբ, Իրաքը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրված դեղերի նկատմամբ, սակայն նրանք պահանջում են արտադրական ստանդարտների հավաստում, որը և եվրոպական GMP ստանդարտներով բավական կլինի:
GMP ստանդարտներով հավաստագրված դեղերը նաև Հայաստանում կարող են պարզեցված ընթացակարգով գրանցում ստանալ, բավական է, որ այդ դեղերը ներկրված լինեն GMP ստանդարտներ կիրառող երկրից, նման դեպքում փորձագիտություն չի արվում գրանցվելու ժամանակ:
«Դեղարտադրության ոլորտն այն սեկտորն է, որ վերջին տարիներին գրանցել է կայուն 14-17 տարեկան աճ»,- շեշտեց Սամվել Զաքարյանը:
Ինչ վերաբերում է դեղերի թանկացումներին, ԴԱՆ նախագահը նշեց, որ վերջին 6 ամսվա ընթացքում դեղերը գրեթե չեն թանկացել, միայն առանձին խմբաքանակներ՝ 3-4 տոկոսով:
Նա որոշ դեղամիջոցների թանկացումներ կապեց սեզոնային հիվանդությունների հետ, օրինակ ներկայումս ամառային ալերգիաներ են տարածված, և ըստ այդմ էլ հակաալերգիկ դեղերը թանկացել են: Հայաստանում չգրանցված և կեղծ դեղերի շրջանառությունը ևս չի անցում 4 տոկոսը:
Ս. Զաքարյանի փոխանցմամբ, նման դեղեր ներկրվում են հիմնականում Վրաստանից` պայուսակներով, որտեղ 20 տոկոս ԱԱՀ-ն չի կիրառվում և գնային տարբերություններ են լինում հայաստանյան և վրաստանյան դեղերի միջև:
Հնարավոր է եզակի հիվանդությամբ տառապողների համար որոշ դեղեր հայտնվեն Հայաստանում, ոչ դեղերի իրացման շուկայում, քանի որ դեղ ներկրողները քիչ սպառվող դեղեր պարզապես չեն ներկրում` պահանջարկ չլինելու պատճառով: