15/06/2013 15:10
Յուրի Շևչուկն ու ДДТ-ն Երևանում են. Եկել եմ ձեր երկրի ռոքը լսելու
Լեգենդար Յուրի Շևչուկն ու ДДТ-ն Երևանում են: Վաղը երեկոյան նրանք համերգ կունենան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Хочу сказать от лица коллектива բարև ձեզ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Յ. Շևչուկը: Նրա խոսքով` Հայաստանում է առաջին անգամ, և բերել են ամենակարևորը` կենդանի ծրագիր:
«Մեր համերգային ծրագիրը շատ կենդանի է, երգերը գալիս են, դուռը թակում, հետո գնում, մյուսն է տեղը մտնում: Ողջ նվագախումբն է երգելու, երգելու ենք ամեն ինչ, ինչ մտքին գա, հեղինակային երգեր, ջազ ենք նվագելու, թեև ձեր մոտ մի քիչ «վախենալու» է ջազ նվագել, որովհետև ջազային հարուստ մշակույթով երկիր է Հայաստանը: 10 տարի առաջ ուզում էինք Հայաստանում լինել, կեսկատակ, կեսլուրջ ասացին, որ այստեղ երիտասարդություն չկա, բայց փողոցում երիտասարդությունը շատ է: Սա հիանալի երկիր է, հզոր մշակույթով և ավանդույթներով, 301 թ. դուք ընդունեցիք քրիստոնեությունը, շատ հարոուստ պատմություն ունի, շատ ուրախ ենք, որ մեզ հրավիրել եք, շնորհակալ եմ, որ այստեղ ենք, դա մեր դեմքից երևում է»,-ասաց նա:
Նրա խոսքով` երեկ, երբ տեսել է գիշերային Երևանը, շոկային զգացում է ունեցել:
«Լուսավորված շենքերը, Ազնավուրի երաժշտությունը, ես զգացի և՛ Փարիզի և՛ Երևանի շունչը, շոկային մշակութային զգացումներ եմ ապրել, մեր մոտ նման բան չկա: Եկել ենք ձեր քաղաքի ռոքը լսելու, իսկ Հայաստանը, միանշանակ, երաժշտական երկիր է»,-ասաց նա:
Յ. Շևչուկը նշեց, որ Հայաստանը իր մոտ տպավորվել է Սպիտակի երկրաշարժից հետո, երբ այդ գիշերը մահացել է նաև իր պապը և ես խորը սիմվոլիստական կապ զգացի դրանում: Բացի այդ, մեր կիթառահարը Արթուր Հովսեփյանն էր»,-ասաց նա:
Հարցին` իսկ կապ ունե՞ն խմբի նախկին անդամների հետ, նա նշեց, որ բոլորն էլ երաժշտությամբ են զբաղվում, ամեն մեկն ազատ է, ապրում է այնպես, ինչպես իրեն դուր է գալիս:
«Մենք այստեղ մշակութային մեծ միջոցառման մասնակիցներն ենք, մենք հաճույքով ենք ներկայացնում ՌԴ-ն, մենք կարող էինք նաև առանց հրավերի գալ, թեև ոչ մեկին չենք փաթաթում մեր ներկայությունը»,-ժպտալով ասաց նա:
Յ. Շևչուկը կազմակերպիչներին խնդրել էր, որ իրեն քաղաքական հարցեր չտան: Հարցին՝ ինչո՞ւ, նա նշեց. «Ինձ հետաքրքիր չէ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին խոսել, դա հոգնեցնում է ինձ, այնքան վաղուց է եղել, իսկ այնպես, մենք ՌԴ քաղաքացիներ ենք, մեր քաղաքականությունը նախևառաջ Հայասատան-Ռուսաստան բարեկամությունն է, սերը:
Քաղաքականությամբ կարո՞ղ եք զբաղվել հարցին ի պատասխան նա նշեց, որ իրեն քաղաքական գործիչ չի պատկերացնում, որովհետև չի կարող մարդուն մահվան ուղարկել: «Ավելի լավ է ես մեռնեմ, ես չունեմ սահմանից այնկողմանի ճշմարտություն, դրա համար էլ ես երաժիշտ եմ»,-ասաց նա:
Անդրադառնալով իր ամենահիշվող համերգներին, նա հիշեց Չեչնիայի համերգը, երբ դահլիճի մի կողմում զինված չեչեններն էին կանգնած, մյուս կողմում` ռուս զինվորները, իսկ «ДДТ»-ն երգում էր «Не стреляйте»:
Լրագրողներից մեկի հարցին, արդյոք Շևչուկը պատրաստ է երգել նաև Արցախում, նա պատասխանեց, որ պատրաստ է երգել բոլոր այն տեղերում, որտեղ մարդիկ կան:
Հարցին` չե՞ք վախենում Ադրբեջանի ու իր մամուլի հարձակումներից, Շևչուկը ժպտալով պատասխանեց. «Ես ընդհանրապես ոչնչից չեմ վախենում»: