17/06/2013 12:45
Փոխվարչապետ. ՎՊ-ի արձանագրած որևէ դեպք անհետևանք չի մնացել և չի մնա
Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս Վերահսկիչ պալատի աշխատանքներին: Այսպես իր ելույթը ԱԺ ամբիոնից սկսեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով ՎՊ նախորդ տարվա աղմուկ հանած հաշվետվությանը:
ՎՊ-ի հաշվետվության յուրաքանչյուր հարց, Ա. Գևորգյանի խոսքով, մանրամասն քննարկվել է. «Հաշվետվությունում ներկայացված յուրաքանրյուր խնդիր կառավարությունում մանրամասն քննարկվել է, ուսումնասիրվել է, արձանագրված յուրաքանչյուր խնդրի հետ կապված կան կոնկրետ մոտեցումներ, որոշումներ, և դրանց իրականցման ընթացքը գտնվում է կառավարության անմիջական վերահսկողության ներքո»:
Ա. Գևորգյանը նկատեց, որ խնդիրներն ի հայտ են եկել վերջին մի քանի տարիների ընթացքում. «Ներկայում, թեև մեր օրենսդրությունը կատարյալ չէ, սակայն նվազագույնի է հասցնում ռիսկերը: Չենք կարող համաձայնել այն գնահատականների հետ, թե տեղի է ունենում միջոցների լայնածավ փոշիացում»:
Հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով, ինչպես ասաց փոխվարչապետը, համապատասխան միջոցներ ձեռնարկվել են. «Այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում՝ գումարների վերականգնում, տուգանքներ: Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է»:
Ա․Գևորգյանը հիշեցրեց, որ ՎՊ վերահսկողության ընթացքում կազմված արձանագրություններն ուղարկվում են գլխավոր դատախազություն, եթե դրանցում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ։ Ա. Գևորգյանը հավաստիացրեց, որ ՎՊ-ի արձանագրած որևէ դեպք անհետևանք չի մնացել և չի մնա: