17/06/2013 16:52
Վարդան Սեդրակյանը ցուցմունք տվեց. Նա խնդրում է փոխել խափանման միջոցը
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:
«2013 թ. առաջադրել եմ իմ թեկնածությունը: Պ. Հայրիկյանի հետ կատարվածի մասին իմացել եմ հեռուստատեսությամբ իմ տանը, իմ ընտանիքի հետ: Սկզբում ինձ հայտնի չէր, որ հիվանդանոց են նրան տարել: Տեսա նաև մյուս թեկնածուներն էլ են գնացել նրան տեսության, իմ պարտքը համարեցի գնալ: Այնտեղ լրագրողներ, քաղաքական գործիչներ կային, ինձ թույլ տվեցին գնալ պալատ: Պալատի մոտ ասեցին, որ Պ. Հայրիկյանին դեղեր են տվել, նա պետք է քնի: Կինը դուրս եկավ, մաղթել ենք առողջություն ու դուրս եկել: Ես այս գործի հետ որևէ կապ չունեմ, նույնը ասել եմ նաև նախաքննության ժամանակ: Ցանկանում եմ դիմել դատարանին, որ իմ դեմ կար միայն մեկ ցուցմունք, որից Սամվել Հարությունյանը հրաժարվել է: Ես խնդրում եմ փոխել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոցը, գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակել: Ես կշարունակեմ դատավարությանը մասնակցել, որովհետև չեմ ցանկանում խոչընդոտել քննությանը»,- ասաց նա:
Սեդրակյանի խոսքով՝ այն, որ զանգ է կատարվել Ս. Հարությանունյանի կողմից իր հեռախոսին, դեպքից քսաներեք օր առաջ, բնական է, «ուրեմն կարող եմ ասել, որ նա նաև շնորհավորել է իմ Նոր տարին»: «Իմ հանդիպումները եղել են այնքանով, որքանով որ գործատուի և աշխատողի հարաբերությունները: Նա կարող էր հունվարի ութին էլ, տասնութին էլ ինձ զանգել, ես խնդրում եմ փոխել խափանման միջոցը, որովհետև ես այսօր չեմ տեսնում բանտում լինելու լուրջ պատճառ»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել, որովհետև այս գործը իր հետ կապ չունի:
Դատախազ Արամ Ամիրզադյանի հարցին՝ առգրավված «Հայկական ժամանակ» օրաթերթի վրա թեկնածուների նկարների վրա առկա բազմաթիվ նշանները, գծերը ի՞նչ են նշանակում, Սեդրակյանն ասաց. «Բանտարկյալները նույնպես հաց են ուտում, երբեմն թերթ ենք գցում, որի վրա հաց ենք ուտում: Երբեմն թերթն օգտագործում ենք նաև զուգարանում: Սա այնքան անլուրջ հարցադրում է, որ թերթի վրա նշումներ կան, պատասախանելու բան չկա»,- ասաց նա:
«Դուք խոսում եք ՀՀ չորրորդ նախագահի հետ, և խոսում եք այնպես, կարծես ապացուցված բան եք ասում»,- ասաց Վ. Սեդրակյանը:
Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի հարցին՝ ինչպես է չաշխատող մարդը մեկ տարվա մեջ չորս մլն դոլարի խաղադրույք կատարել, Վ. Սեդրակյանն ասաց. «Նախկինում աշխատել եմ»:
Դատավորի հարցին՝ նման խաղադրույքնե՞ր կատարել եք, Վ. Սեդրակյանը ասաց, որ համեստ խաղադրույքներ է կատարել սպորտային հետաքրքրությունից ելնելով:
Վ. Սեդրակյանը նշեց, որ Խաչատուր Պողոսյնաի հետ ծանոթացել է Ս. Հարությունյանի միջոցով, նրան վաճառել է իր ավտոմեքենան, իսկ նրա հետ ծանոթացել է իր առանձնատան վերանորոգման ժամանակ, 2012 թ. հունիս ամսին:
Նրա հավաստմամբ՝ ամբաստանյալները բաժանել են քարոզրաշվի ժամանակ Վ. Սեդրակյանի բուկլետները՝ գումարի դիմաց, իսկ ավտոմեքենան վաճառել է «նորմալ գնով»:
«Նորմալ հարաբերություններ են եղել, իմ ընտանիքի ծնդդյան օրերին չեմ հրավիրել, սակայն եթե դժգոհելու առթի ունենային, չէին աշխատի»,- ասաց Սեդրակյանը:
«Ս. Հարությունյանը հայտարարեց, որ իմ անունը տալով՝ նպատակ են ունեցել դրամ շորթել: Չգիտեմ՝ ինչու են նման բան արել, բայց թշնամություն մեր մեջ չի եղել, երևի իմացել են, որ գումար ունեմ, որոշել են ավելի հեշտ գումար աշխատել»,- ասաց նա: