18/06/2013 17:35
Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել ԲՈՀ նախագահին
Aysor.am-ի տեղեկություններով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել Բարձրագույն որոկավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտուշ Ղուկասյանին: Իբրև նկատողության հիմնական պատճառ, ըստ մեր տեղեկությունների, նշվում է հանձնարարականների թերի կատարումը:
Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ մի խումբ երիտասարդ գիտնականներ նամակով դիմել էին ԿԳՆ Արմեն Աշոտյանին` ԲՈՀ-ի աստիճանաշնորհման գործընթացում մի շարք փոփոխությունների առաջարկով: Aysor.am-ը կապվեց նամակի հեղինակներից ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյային կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց արված առաջարկություններից մեկը.
«Առաջարկ եղավ, որ թեկնածուական ու դոկտորական աստիճան ստանալու համար հայցորդներն ազդեցության գործակից ունեցող արտասահմանյան ամսագրում գոնե մեկ հոդված ունենան: Մեր նամակից հետո եղավ հանդիպում, որի ժամանակ Արմեն Աշոտյանը հանձնարարական տվեց, որ ԲՈՀ-ն իր կանոնակարգի վերանայման ժամանակ հաշվի առնի երիտասարդ գիտնականների առաջարկները»,- ասաց Հովակիմ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք թեմային, մասնավորապես՝ մի շարք գիտնականների բողոքներին: Ըստ գիտնականների՝ ԲՈՀ-ը, երկրում գիտության հովանավոր լինելու փոխարեն, թույլ է տալիս մի շարք կամայականություններ ու ձգձգումներ:
Aysor.am-ը կապվեց նաև ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանի հետ, ով հաստատեց նկատողության մասին տեղեկատվությունը, սակայն չմանրամասնեց դրա հիմքերը.
«Ընդամենը կասեմ, որ նկատողությունն անհիմն ու անիրավաչափ եմ համարում: Ավելի մանրամասն պարզաբանումներ կլինեն ավելի ուշ»,- ասաց Արտուշ Ղուկասյանը: