18/06/2013 17:50
Մանվել Գրիգորյանը՝ հայրենիքի, ԱԺ նախագահի խաթեր մասին. «Շմայսն էլ վկա»
«Արծվիկ ջան, նստի, հարցերիդ պատասխանեմ»,- իր ելույթն այսպես սկսեց ԱԺ Հանրապետական խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ներկայացվեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Շարունակելով խոսքը՝ Մ. Գրիգորյանը հիշեցրեց, որ կարգավիճակ տալիս է ՊՆ-ն: «Ինչ էլ անենք ազատամարտիկների համար, աշխարհն էլ ինչ անի, քիչ ա»,- ասաց գեներալ-պատգամավորը:
Նա ներկայացրեց իրենց անցած ճանապարհը, թե ինչպես են մասնակցել պատերազմին, ինչպես պատերազմել, ինչ ուղով անցել և ինչպես վերադարձել. «Հենա Շմայսն էլ վկա»:
Մ. Գրիգորյանը նշեց, որ իրենց ներկայացրած օրինագիծը չի վերաբերում երկրապահի անձնակազմին, այլ նրանց, ովքեր մասնակցել են, կամավոր են եղել:
«Երկրապահն էս ժողովրդինն է, իմ հոր սեփականությունը չէ: Երկրի պաշտպանությունն է, ոչ մեկի սեփականությունը չէ: Նույն էդ կամավորականը Լևոն Տեր-Պետրոսյանն ա, Ռոբերտ Քոչարյանն ա, Սերժ Սարգսյանն ա, Հովիկն ա, վարչապետն ա: Ես ուզում եմ, որ էն, ինչ ժողովրդինն ա, վերադարձնենք իրան»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Մ. Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ մոտ 85 հազար մարդ այսօր օգտվում է հատուկ իրավունքներից, որից 35 հազարը ազատամարտիկներ են: «Սակայն շատ ազատամարտիկներ դուրս են մնացել այդ ցուցակներից: Արմենը (ՄԱԶ-ը) իր ջոկատով մնացել է դուրս, դաշնակցական շատ տղաներ դուրս են մնացել, քանի որ 1992 թ.-ին չեն մտել բանակ ծառայության, սակայն մեր հետ հավասարազոր կռվել են, բայց որևէ տեղ չեն գրանցվել: Վերջում զենքը հանձնել են, թողել գնացել են տուն»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև արտագաղթին, աշխատատեղերին, Արմավիրի կարկուտին. «Սիրելիներս, ինչ կա էս երկրում՝ շարժվող և անշարժ, դա Հայաստանի Հանրապետությանն ա»:
Նա կոչ արեց թշնամություն չտարածել. «Կարևոր չէ, թե ով է կառավարությունը. 1 ամիս հետո կառավարությունը կարող է փոխվել, կամ աղջիկ-տղա կամուսնացնեն, կբարեկամանք, պետք չէ թշնամություն սերմանել»,- ասաց գեներալը, ում այս խոսքերը դահլիճում աղմուկ հանեցին, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ կատակեց, թե 1 ամսից փոխվել չեն պատրաստվում: «Բայց ո՞ր տարվա 1 ամիս հետոն»,- իր հերթին կատակեց Մ. Գրիգորյանը:
Նշենք, որ մինչև այս Մ. Գրիգորյանը ԱԺ ամբիոնից ելույթ չէր ունեցել, և այսօրվա ելույթը մեծ աշխուժություն մտցրեց ԱԺ դահլիճում:
Նկատենք նաև, որ պատգամավորի ելույթին հատկացված ժամանակը սպառվել էր, սակայն նա շարունակում էր խոսել: Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց չխախտել վարման կարգը, գեներալ-պատգամավորն ասաց. «Քու խաթեր եմ գնում, շնորհակալություն»:
Հավելենք, որ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ձայների մեծամասնությամբ՝ 99 կողմ, ընդունվեց: