18/06/2013 14:41
Գիտնականները բողոքում են ԲՈՀ-ից. Այն կանգնեցնում է գիտության զարգացումը
Aysor.am-ը տեղեկատվություն է ստացել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դեմ վերջին ամիսների ընաքցքում ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ:
Բանն այն է, որ մի շարք գիտնականներ բողոքում են ԲՈՀ-ից, «քանի որ վերջինս երկրում գիտության հովանավոր լինելու փոխարեն, թույլ է տալիս մի շարք կամայականություններ ու ձգձգումներ»: Իրավիճակն ավելի լավ ներկայացնելու համար Aysor.am-ը կապվեց ԲՈՀ-ի դեմ բողոք ներկայացրած մի քանի գիտնականի հետ:
Պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյան կենսաբանական գիտությունների դոկտոր է: ԲՈՀ-ի գործունեությանը նա հետևում է արդեն մի քանի տարի ու կարծում է, որ այս կառույցը հովանավորում է կեղծարարությանը.
«ԲՈՀ-ն ավազակապետություն է դարձել ու այն կանգնեցնում է գիտության զարգացումը մեր երկրում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց պրոֆեսոր Մելքումյանը:
Կենսաբանական դոկտորի բողոքն այս կառույցից կայանում է հետևյալում:
2008 թվականի ապրիլին ԵՊՀ մասնագիտական խորհուրդը Էդվարդ Եղիազրյանին շնորհել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությանը, ճիշտ է, դրական եզրակացությունեն են տվել պաշտոնական ընդդիմախոսներն ու բազմաթիվ գիտնականներ, սակայն Լյուդվիկ Մելքումյանը համոզված է` Էդվարդ Եղիազրյանն ինքնուրույն աշխատանք չունի և պաշտպանած ատենախոսությունը գրագողության արդյունք է:
Լյուդվիգ Մելքումյանը գտնում է, որ Էդվարդ Եղիազրյանին կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճանի շնորհման մասին ԲՈՀ-ի որոշումն անօրինական է:
«ԲՈՀ-ը հովանավորում է գրագողությունը, քանի որ ես բազմիցս պահանջել եմ քննել իմ դիմումը: Ասել եմ, որ աշխատանքն արտատպված է Կուզմինի գրքից: Պատրաստ եմ բերել և էջերով նշված գիրքը և այդ ատենախոսությունը, բայց ԲՈՀ-ը ընթացք չի տալիս դիմումիս: Այս աստիճանաշնորհումը կատարվել է ԲՈՀ-ի նախկին նախագահի ժամանակ, քանի որ Էդվարդ Եղիազարյանը նախկին նախագահի ընկերն էր, հիմա էլ Արտուշ Ղուկասյանը հովանավորում է այս խաբեությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Լյուդվիգ Մելքումյանը:
«Էլի եմ ասում` ես փաստեր ունեմ: Բերեմ դրեք իրար կողք ու տեսեք, որն է փաստը, բայց Արտուշ Ղուկասյանը չի թողնում, որ դա տեղի ունենա»,- ավարտեց կենսաբանական գիտությունների դոկտորը:
Մեկ այլ բողոք կապված է աստիճանաշնորհման ձգձգման հետ: Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Ղարիբյանն իր ատենախոսությունը պաշտպանել է անցյալ տարվա դեկտեմբերին: Պաշտպանությունն անցել է հաջող ու մասնագիտական խորհուրդը նրան շնորհել է բանասիրական գիտություների թեկնածուի գիտական աստիճան:
«Հիմա արդեն 6 ամիս է անցել, բայց աստիճանի շնորհման հետ կապված ԲՈՀ-ից դեռևս լուր չկա: Ընդհանրապես այդ գործընթացը տևում է ամենաերկարը 3 ամիս: Ու ամենահետաքրքիրը ԲՈՀ-ից ստացված պատասխաններն են: Ամեն անգամ, երբ զանգում եմ, որ հասկանամ թե ինչ նորություն կա` պատասխանում են, որ գործընթացը շարունակվում է, բայց թե ինչու է աստիճանի շնորհման փուլն այդքան ձգձգվում` ինձ ոչ մի պատճառ չի ներկայացվում»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Ղարիբյանը:
Նշենք, որ բացի վերոնշյալ բողոքներից կան նաև մոտ տասնյակ բողքոներ, որոնք էլի առնչվում են աստիճանաշնորհման համակարգում անճշտություններին ու կառույցի կողմից մի շարք անհիմն ձգձգումներին: