18/06/2013 14:04
Սուրեն Սուրենյանց. ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական առումով մեզ ոչինչ չի տալիս
«Ես չեմ հասկանում այն նպատակը կամ մոտիվը, որը Հայաստանին պահում է ՀԱՊԿ-ի պես կազմակերպությունում: Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրները նույնպես Ադրբեջանի հետ ավելի սերտ ռազմաքաղաքական համագործակցության մեջ են եղել, քանս թե Հայաստանի հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուսական ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվութանը, թե Ռուսաստանը պատրաստվում է 1 միլիարդ դոլարի զենք վաճառել Ադրբեջանին, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ն քաղաքական և ռազմական առումով ոչ մի բան չի տալիս Հայաստանին. «Ռուսաստանը դեստրուկտիվ դեր է խաղում մեր տարածաշրջանում և ըստ էության, ղարաբաղյան հիմնահարցը կարգավորելու փոխարեն զբաղված է ստատուս-քվոյի պահպանմամբ: Ստասուս-քվո ասելով, ռուսները շատ հաճախ հասկանում են զենք վաճառել թե Հայաստանին, թե Ադրբեջանին»:
Քաղաքագետն ասաց, որ ռուսները, տարբեր փուլերում 2 երկրների հետ հարաբերությունները խորացնելով, փորձում են հավասարակշռությունը պահել:
«Եթե նույնիսկ լուրը կապված ռուսների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ պաշտոնականացվի, այն ինձ չի զարմացնի: Սա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ իրականացվում է Մոսկվայի կողմից վերջին 10-15 տարվա ընթացքում»,- նշեց Ս. Սուրենյանցը:
Նրան զարմացնում է այն քաղաքական գործիչների պահվածքը, որոնք այսքան փաստերից հետո կրկին կառչած են ինստիտուտներից, որոնք ըստ էության Հայաստանի ոչ մի բան չեն տալիս, այլ ընդհակառակը, կաշկանդում են արտաքին քաղաքականության դաշտում Հայաստանի մանևրելու հնարավորությունը:
Նշենք, որ Gazeta.ru կայքը տեղեկատվություն է տարածել, որ Ռուսաստանը սկսել է խոշոր ծավալների զենքերի մատակարարումը Ադրբեջանին, որոնց արժեքը հասնում է 700 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլար:
Խոսքը գնում է 64 միավոր T-90C տանկերի, 100 միավոր «ԲՄՊ-3» մեքենաների, ինքնագնաց հրթիռային «Մստա-C» հրետանային համակարգերի մասին:
Բացի այդ, նախատեսվում է առաքել նաև 18 միավոր «Սմերչ» հրթիռային համակարգեր, «Վենա» տեսակի ինքնագնաց հրետանային համակարգեր և 6 միավոր ՏՕՍ-1 A «Սոլնցեպյոկ»`(«Բուրատինո» համակարգերի արդիականացված տարբերակը) համակարգեր: