19/06/2013 16:48
Ա. Խաչատրյանի գործերը գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում
Նախօրեին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:
Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով «Կապիտալ» աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության և Օսմանյան Կայսրության միջև կնքված խաղաղության պայմանագրերը, Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of León of 1188 » վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:
«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. և մինչև 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:
Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ»:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: