19/06/2013 16:20
Բանակցությունների սեղանին է «ՀայՌուսգազարդի» 20%-ը «Գազպրոմին» տալու հարցը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռ որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի հրապարակում կար, ըստ որի, ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ըստ հրապարակման, հանդիպման ընթացքում խոսվել է «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։
Նշենք, որ «ՀայՌուսգազարդի» 80%-ը պատկանում է «Գազպրոմին», իսկ 20%-ը՝ Հայաստանի կառավարությանը։
«Որևէ գործարք կատարված չէ: Այս պահին բանակցություններ են ընթանում, բանակցությունների սեղանին դրված է 20 % բաժնետոմսեր տալ-չտալու հարցը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բանակցությունների սեղանին կան այլ հարցեր ևս:
Մինչև ամսվա վերջ, նախարարի խոսքով, բանակցությունները կավարտվեն: Ա. Մովսիսյանը լրագրողների մի շարք հարցերին պատասխանեց, որ այս պահին բանակցություններ են ընթանում և ինքը ոչինչ չի կարող ասել:
Հարցին, թե ի՞նչ իմաստ ունի 20%-ը հանձնել «Գազպրոմին», եթե հետո էլ ոչինչ չենք ունենալու, և ռուսական կողմն այդ դեպքում կարող է ցանկացած գին թելադրել, նախարարն ասաց. «Խնդիրը այդպես չի դրված, որ ինչ ուզենան անեն, բանակցությունները հենց դրա համար են գնում, որ ինչ ուզեն, այն չանեն, այլ որպեսզի երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահոված գազամատակարարում ունենանք»: