19/06/2013 15:45
Հուլիսի 1-ից կբարձրանան միայն մինչև 45000 դրամ աշխատավարձերը
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ 2013-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 45 հազար դրամ, ներկայիս 35 հազար դրամի փոխարեն:
Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է մինչև 45 հազար դրամ աշխատավարձերին:
Ինչ վերաբերում է առհասարակ աշխատավարձերի համակարգային բարձրացմանը, ապա նախարարը հայտնեց, որ դա կլինի 2014-ի հունվարի 1-ից միայն:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ սա աշխատավարձերի բարձրացման առաջին քայլն է:
«Մինչև հունվարի 1-ը բարձրացնում ենք այն աշխատավարձը, որը նվազագույնից ցածր է, եթե մարդը ստանում է 70 հազար դրամ, մինչև հունվարի 1-ը նրա աշխատավարձը չի բարձրանա»,- պարզաբանեց Հ. Հակոբյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի եղել հունվարի 1-ից, Հ. Հակոբյանը նշեց, որ հունվարին թանկացումներ չկային, դրա համար էլ հունվարի մեկից չէր բարձրացվում նվազագույն աշխատավարձը՝ օրինակ բերելով գազի, էլեկտրաէներգիայի, կաթնամթերքի գների բարձրացումները:
«Հիմա կան թանկացումներ, հիմա ենք բարձրացնում»,- ասաց Հ. Հակոբյանը: