19/06/2013 10:41
Ա. Սուքիասյան. Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով
«Հետքը» էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Աշոտ Սուքիասյանից: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ:
Ներկայացնում եմ WLISPERA HOLDINGS LIMITED-ի և «Ձորագյուղ» ԱԿ-ի ֆինանսական փոխանցումների հետ կապված վիճակագրությունը: Խնդրում եմ այս տեղեկություններն ի գիտություն ընդունել: Կցված են բոլոր ֆինանսական հաշիվների շարժերը»:
Ըստ աղբյուրի` նամակի տեքստն ամբողջությամբ կհրապարակեն այսօր: Աշոտ Սուքիասյանը խոստացել է նաև պատասխանել «Հետքի» հարցերին: «Հետքը» նաև հարցազրույց է արել Սիերա Լեոնեում նրա գործընկերներից մեկի հետ: Կներկայացնեն նաև օֆշորային մյուս ընկերությունների սեփականատերերին: