20/06/2013 18:23
Հուլիսի 1-ից կբարձրանա շուրջ 160 հազար քաղաքացու աշխատավարձ
Ազգային ժողովը ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող 35 հազարի փոխարեն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս փոփոխությունը տարածվելու է շուրջ 160 հազար աշխատողների վրա: Նրանցից 90 հազարը ոչ պետական սեկտորի աշխատողներ են, 70 հազարը՝ պետական: Ընդ որում՝ այս անձանցից շուրջ 60 հազարը ստանում է 35 հազար դրամ աշխատավարձ, մյուսները՝ մինչև 45.000 դրամ:
Ինչ վերաբերում է առհասարակ աշխատավարձերի համակարգային բարձրացմանը, ապա նախարարը հայտնեց, որ դա կլինի 2014-ի հունվարի 1-ից միայն:
Այս փոփոխության արդյունքում ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 3,7 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամը՝ պետական հատվածի աշխատողների, 1,2 մլրդ դրամը՝ համայնքային աշխատողների համար, ինչը կփոխհատուցվի պետբյուջեից: