21/06/2013 17:21
3000 դոլար` «Զվարթնոցում» աշխատանքի տեղավորելու համար. ԱԱԾ-ն ձերբակալել է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կաշառք ստանալու պատրվակով խարդախություն):
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է: