21/06/2013 20:34
Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը
Այսօր Օդեսայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարական հանդիպմանն իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության նոր օրակարգով:
Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:
Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:
ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակերպվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում` «DigiTec 2013» ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:
Անդրադառնալով ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը առանձնացրեց ՍԾՏՀ շրջանակներում ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման անհրաժեշտությունը:
Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, կազմակերպության քարտուղարության բարեփոխումների և հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք որոշումներ: