24/06/2013 16:56
Արտահանողները իջեցրել են ծիրանի գինը. Գյուղացիները բողոքում են
Այսօր առավոտյան Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են դեպի Երևան տանող ճանապահը, այս անգամ պատճառը մթերվող ծիրանի ցածր գինն է:
Aysor.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը նշեց, որ համայնքում մոտ 2000 տոննա ծիրանի բերք կա, և այսպիսի բերք իրենք ունեցել են միայն 1991թ.-ին:
Ըստ նրա՝ համայնքը մայիսի 12-ի մարզին պատուհասած կարկուտից չի տուժել, սակայն բերքի առատության պատճառով պտուղները թեև բարձրորակ են, սակայն` մանր: Բերքը շատ է, դրան է նպաստել նաև համայնքի ծիրանենիների այգիների տարածքների ավելացումը, Խանջյան համայնքի բնակիչները ծիրանենիներ են տնկել նաև եկամուտի հույսով, քանի որ նախորդ տարիներին ծիրանը արտահանվել է և դժգոհություն չի եղել:
Համայնքի գյուղացիները միացել են մարզի մյուս համայնքների բնակիչներին, ովքեր դժգոհում են մթերման ցածր գներից, այսօր ծիրանի 12 կգ կշռող մեկ արկղը մասնավոր արտահանողները ցանկացել են գնել 2000 դրամով:
Նա նաև նշեց, որ մոտ 500 տոննա բերք ունեն, որ կհանձնեն վերամշակող ձեռնարկություններին:
Սամվել Ավագյանը փոխանցեց, որ այսօր համայնք են եկել «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր դաշտերը նայելուց, ծիրանի որակը գնահատելուց հետո գյուղացներին գին կառաջարկեն:
Նշենք, որ ՀՀ գյուղատնտետսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այս պահին Արմավիրի մարզում է, մարզպետարանում քննարկվելու են ստեղծված իրավիճակը: