24/06/2013 13:54
ՄԻՊ. Խաչիկ Ստամբոլցյանը ստեր է տարածում Պաշտպանի վերաբերյալ
ՄԻՊ գրասենյակը պատասխանել է «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի նախօրեին արված հայտարարությանը:
Հայտարարությունում Խուրշուդյանն անդրադարձել էր մեկ շաբաթ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» ծրագրի եթերում Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարությանը այն մասին, որ ՄԻՊ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Խտրականության մասին» օրենքի նախագծի հարցով Կարեն Անդրեասյանը խոսել է իր հետ ու ասել, որ երախտապարտ կլինի, եթե Ստամբոլցյանի պայքարի արդյունքում օրենքը չընդունվի: Պատասխան հայտարարության մեջ ասվում է.
«Բավարարելով Հովսեփ Խուրշուդյանի հետաքրքրությունը հայտնում ենք հետևյալը.
Արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերևս, միայն այն, որ Պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին, ինչպես ընդունում է հարյուրավոր տարբեր բնույթի և տարբեր խնդիրներով քաղաքացիներին»: