27/06/2013 12:00
Ռուբեն Սաֆրաստյան. Էրդողանը, հնարավոր է, սրի հարաբերությունները Սիրիայի հետ
Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարելի է բնութագրել ոչ թե որպես ինչ-որ սոցիալական շերտերի շարժում, այլ` զանգվածային ընդվզում կառավարության դեմ, որին մասնակցեցին բնակչության ամենատարբեր խավերը, հիմնականում` երիտասարդությունը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի կարծիքով` դեռ վաղ է Թուրքիայի ներքին խնդիրների հետ կապված որևէ եզրակացություն անել. «Կարող ենք սպասել, որ տեղի կունենա քաղաքական նոր ուժի ձևավորում»:
Ռուբեն Սաֆրաստյանն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ընդգծեց մի կարևոր հանգամանք, որի վրա, թուրքագետի խոսքով, քիչ ուշադրություն է դարձվել.
«Մինչև այս ընդվզումը, թուրքական մամուլում քարտեզներ տպագրվեցին, որոնք, այսպես ասած, նոր Թուրքիայի քարտեզներն էին: Դրանցում Սիրիայի հյուսիսային մասը մտնում էր Թուրքիայի կազմի մեջ: Այսինքն, Թուրքիայում այդ հարցերը քննարկվում են»,- ասաց նա ու ավելացրեց, որ չպետք է զարմանանք, եթե այս օրերին Թուրքիան սկսի ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել, մասնավորապես` Սիրիայի նկատմամբ.
«Շատ հավանական է, որ վարչապետ Էրդողանն այս օրերին սրի հարաբերությունները Սիրիայի հետ, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղի Թուրքիայի ներքին հարցերից»:
Ինչ վերաբերում է Աբդուլահ Գյուլի ու Ռեջեփ Էրդողանի հարաբերություններին ու իրադարձությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին, Ռուբեն Սաֆրաստյանը ասաց.
«Այո, Գյուլն այսօր շատ ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել ու կան մոտեցումների տարբերություններ: Պատճառն այստեղ անձնական է: Էրդողանը խարիզմատիկ անձնավորություն է ու չի պատրաստվում ենթարկվել ոչ մեկին, այդ թվում` նախագահ Գյուլին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 31-ին` Ստամբուլի Գեզի զբոսայգուց: Ի սկզբանե ցուցարարները պայքարում էին այգու պահպանման համար: Ավելի ուշ բողոքի ալիքը վերածվեց Թուրքիայի կառավարության դեմ համատարած ընդվզման: