27/06/2013 15:36
Շավարշ Քոչարյան. Հայաստանն առաջնորդվում է «և-և» սկզբունքով
«Եվ՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ բանակցություններ են գնում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք վտանգված է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը:
Փոխնախարարը մատնանշեց, որ նախօրեին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել էր, որ «և-և» չկա, «կամ-կամ» պետք է լինի, որին փոխնախարարը պատասխանեց, որ «և-և» չկա, եթե խոսքը վերաբերում է Եվրամիության անդամակցությանը:
Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը երբեք նպատակ չի ունեցել անդամակցել Եվրամիությանը, իսկ այն փաստաթղթերը, որով բանակցում են, այնտեղ նման հեռանկար չկա, պարզապես Հայաստանը բանկացում է ներդաշնակեցման շուրջ, ոչ անդամակցության, որոնք տարբեր հասկացություններ են:
Իսկ ինչ վերաբերում է ԵվրԱզԷս-ի Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը, ապա այս դեպքում հնարավոր չի լինի անդամակցել ԵՄ ազատ առևտրի գոտուն, քանի որ այս դեպքում երկիրը իր լիազորությունների մի մասը տրամադրում է այդ կառույցին` տվյալ դեպքում` Մաքսային միությանը:
Շավարշ Քոչարյանը առաջնայնություն չտվեց, ոչ ԵՄ-ին, և ոչ էլ ԵվրԱզԷս-ին, այլ ևս մեկ անգամ կրկնեց` Հայաստանը գործում է երկու ուղղությամբ: