27/06/2013 16:53
ՀԱՊԿ. Սիրիական ընդդիմության կազմում ահաբեկչական ինտերնացիոնալի անդամներն են
Ես ավելի քան ապշած եմ միջազգային հանրության մեղմ արձագանքից՝ մարդակերության այն կադրերի վերաբերյալ, որոնք տեսանյութերի միջոցով մեզ ցուցադրել են սիրիական ընդդիմության որոշ անդամներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով սիրիական հակամարտությանը, ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Կարծում եմ, որ սիրիական հարցի զինված լուծում գոյություն չունի: Ես չափազանց մտահոգված եմ, որ որոշ պետություններ աջակցում են ընդիմության զինված ստորաբաժանումներին, որոնց կազմի մեջ են և՛ անջատողական, և՛ ահաբեկչական մի շարք կազմակերպություններ: Այսօր սիրիական ընդդիմության կազմում, ցավոք, գործում են ահաբեկչական ինտերնացիոնալի անդամները»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նիկոլայ Բորդյուժայի կարծիքով` այս փաստերը ստիպում են վերաարժեվորել այն իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Սիրիայում և այն աջակցությունը, որն ընդդիմությունն այսօր ստանում է որոշ պետություններից.
«Ես արդեն լռում եմ այն մասին, որ ուղղակի անթույլատրելի է զենք մատակարարել այն ընդդիմությանը, որի կազմի մեջ ահաբեկիչներն են մտնում»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: