27/06/2013 09:31
Գուրգեն Եղիազարյանը լքել է ՍԴՀԿ-ն
«Ժողովուրդի» տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Ավելին, Եղիազարյանը տևական ժամանակ է, ինչ փաստացի որևէ առնչություն չունի կուսակցության հետ: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե ինչու է նա լքել կուսակցությունը, քանի որ հեռախոսազանգերին չի պատասխանել:
Նշենք, որ ԱԱԾ նախկին փոխնախարարը ՍԴՀԿ անդամ դարձավ համաժողովրդավարական շարժման ծաղկուն շրջանում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալը համարվում էր պատվի հարց։ Եվ շատ մարդ-կուսակցություններ կայացան հենց այդ շարժման շնորհիվ։
Հիշեցնենք, որ ավանդական կուսակցության՝ ՍԴՀԿ-ի շուրջ մթնոլորտը թեժացավ այն օրվանից, երբ ՍԴՀԿ ղեկավար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկեր Սեդրակ Աճեմյանի կողմնակիցները դատարանի միջոցով փորձեցին կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից պահանջել վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը։ Մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանը պնդում է, որ հենց ինքն է կուսակցության ատենապետը»: