28/06/2013 14:59
Շփման գծում տեղի է ունեցել պլանային դիտարկում
Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: