28/06/2013 12:07
Հայրիկյան. Պետք է Ռուսաստանի հետ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները
Ռուսաստանը Ադրբեջանին տվել է մոտ մեկ միլիարդ դոլարի զենք, ամեն մի հայի սպանելու համար` 500 դոլարի զենք: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պատերազմով սպառնացող Ադրբեջանին տալիս է այնպիսի զինատեսակ, որ Ռուսաստանը դեռ ինքը չի կիրառում: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ պետք չէ ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, փոխարենը պետք է ընկնել հակառուսական իմպերիալիզմի հիստերիայի մեջ. «Եթե ինձ վրա չկրակեին և իմ վարկանիշը շարունակեր բարձրանալ ու ընտրվեի նախագահ, ես արդեն քայլեր կձեռնարկեի»,- ասաց նա` հավելելով, թե անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները և բոլոր հնարավոր պայմանագրերը:
Եթե պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի անում, ապա, Հայրիկյանի խոսքով, ընդդիմությունն ու քաղաքացիները պետք է համախմբվեն նրանց շուրջ, ովքեր մտահոգ են ազգի ճակատագրով` կազմակերպեն ցույցեր, պահանջեն իշխանափոխություն:
«Հաճախ մեզանից է կախված այլ պետությունների վերաբերմունքը մեր հանդեպ: Հայաստանն այնպես չի անում, որ Ռուսաստանը հարգալից վերաբերմունք դրսևորի իր հանդեպ»,- ասաց Հայրիկյանը: