29/06/2013 09:11
Հայտնի չէ՝ ինչով կավարտվեն ՀՀՇ-ն պատմության գիրկն ուղարկելու ՀԱԿԿ-ի ջանքերը
«Հայոց համազգային շարժում» կուսակցությանը վերջնականապես պատմության գիրկն ուղարկելու Կոնգրեսի ջանքերը դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն: Դա հայտնի կլինի սեպտեմբերին, երբ հին ՀՀՇ-ականների կողմից վերածնված ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը կայանա: Քաղաքական թոհուբոհի շրջանում հասարակության մեջ քիչ թե շատ ակտիվ անձիք չեն զլանում կարծիք շարադրել, իսկ թե ինչու են ՀՀՇ-ականները ընդհատակ անցել, «Հրապարակը» փորձել է պարզել նախաձեռնողների խմբի անդամ Արարատ Զուրաբյանից: «Մենք նախաձեռնող խումբ ենք, դեռ գրանցված կուսակցություն չենք, փաստորեն վերաբացելու պրոցեսում ենք և կարծում եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է»,- ասել է Զուրաբյանը:
Ի դեպ, կուսակցության ձևավորման տեխնիկական կազմակերպչական աշխատանքներին անդրադառնալով, Ա. Զուրաբյանը ասել է, որ այդ ուղղությամբ նախաձեռնողական խումբը աշխատում է, դեռ չկան տարածքային գրասենյակներ: Հարցին, թե կա՞ն կոնգրեսականներ, ովքեր վերադարձել են կամ ցանկանում են վերադառնալ ՀՀՇ, նա խուսափել է կոնկրետ պատասխան տալ՝ նշելով, որ այդ մասին հայտնի կդառնա համագումարում: