29/06/2013 14:50
ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների շնորհիվ ԼՂ հակամարտությունը կրոնականի չի վերածվել
«Եթե կարծում եք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների խզմամբ Հայաստանի վիճակը տնտեսապես կվատանա և այդ հանգամանքը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը, սխալվում եք»: Այս մասին, Ադրբեջանում Իրանի դեպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ, հայտարարել Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում՝ այն դիտարկմանը, թե Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը ուժեղանում է, ինչն էլ հարուցում է Ադրբեջանի ժողովրդի զայրույթը, մասնավորապես պատասխանել է. «Եթե դուք կարծում եք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների խզմամբ Հայաստանի վիճակը տնտեսապես կվատանա և այդ հանգամանքը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը, սխալվում եք»:
Շարունակելով թեման՝ դեսպան Փաք Այինը հավելել է. «Միացյալ Նահանգներն Ադրբեջանի բարեկամ երկրներից են, սակայն ԱՄՆ-ի մի քանի նահանգներ արդեն պաշտոնապես ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ուստի մենք այն կարծիքին ենք, որ եթե Հայաստանի հետ մեր հարաբերությունները լավացնենք, ապա ինչ-որ ժամանակի կարող ենք նպաստել հակամարտության կարգավորմանը: Ավելին, Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կրոնականի չվերածվի, ուստի Հայաստանի հետ մեր հարաբերությունները ցույց են տալիս, որ ԼՂ հակամարտությունը կրոնական չէ»:
Այն հարցին, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել ադրբեջանցիներին, եթե պատերազմ լինի, արդյո՞ք Իրանը կրկին կօգնի Ադրբեջանին, Իրանի դեսպանը պատասխանել է. «Հուսով ենք, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»: