01/07/2013 17:05
«Անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց անձի թույլտվության»
Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձել է պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության:
Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ ընկերության հետ:
Մեկնաբանելով այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցը, Կլերիդեսը նշել է․ «Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչև իմ մեկնելը և ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել և պատասխանել»:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որևը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է․ «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»: