02/07/2013 16:12
Ա.Բուդաղյանի փաստաբանը ՊՆ քննչականի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազին
ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը հունիսի 24-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է: Հայտնելով այս մասին «Փաստինֆոյի» թղթակցին, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյան նշել է, որ դա չի նշանակում, որ գնդապետին անպայման մեղադրանք է առաջադրվելու:
ՊՆ քննչական ծառայության հիշյալ որոշումը Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Փաստաբանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկելու պատճառն այն է, որ ինքն անարդյունավետ է համարում Զինվորական դատախազին բողոքարկելը, «քանի որ վերջինս արդեն իսկ իր կարծիքն արտահայտել է քննիչի որոշման մասին»:
Հ.Ալումյանը նշել է նաև, որ Զինվորական դատախազին չբողոքարկելու պատճառի մասին նշել է նաև Գլխավոր դատախազին ուղղված բողոքի մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։