02/07/2013 13:04
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը Հայաստանից մինչ այժմ ոչ մի վնաս չի կրել
Իրանը Հայաստանի հետ իր հարաբերությունները չի խզի: Այս մասին, Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ, հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը, ադրբեջանական «ազադինֆորում.ազ» կայքին տված հարցազրույցում, լրագրողի հարցին, թե ինչո՞վ է բացատրվում Հայաստանի հետ Իրանի այդքան մոտ հարաբերությունները, մասնավորապես պատասխանել է. «Հայաստանն Իրանի հարևանն է: Մենք այդ երկրի հետ ունենք տնտեսական հարաբերություններ: Հայաստանը նաև մոտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, նույնիսկ Միացյալ Նահանգների մի քանի նահանգներ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչ այժմ Իրանը Հայաստանից ոչ մի վնաս չի կրել, մենք այդ երկրի հետ մեր հարաբերությունները չենք խզի»:
Հավելենք, որ Իրանի դեսպանը օրերս ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում՝ այն դիտարկմանը, թե Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի շնորհիվ Հայաստանը ուժեղանում է, ինչն էլ հարուցում է Ադրբեջանի ժողովրդի զայրույթը, մասնավորապես պատասխանել է. «Եթե դուք կարծում եք, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների խզմամբ Հայաստանի վիճակը տնտեսապես կվատանա և այդ հանգամանքը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը, սխալվում եք»:
Նախորդող հրապարակում՝ ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների շնորհիվ ԼՂ հակամարտությունը կրոնականի չի վերածվել