03/07/2013 09:10
Նախարարները «նոն-ստոպ» ռեժիմով ասուլիս կտան այսօր
Այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի է ունենալու շատ հետաքրքիր միջոցառումների շարք: Պայմանականորեն այն կարելի է կոչել «Հուժկու պատասխաններ Վերահսկիչ պալատին» ասուլիսների շարք՝ նոն-ստոպ ռեժիմով: Լրագրողների հետ հանդիպելու են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ֆիննախարար Դավիթ Սարգսյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Յուրաքանչյուր ասուլիսի համար հատկացվել է կես ժամ և դրանք հաջորդելու են մեկը մյուսին՝ առանց ընդմիջումների:
«Այս աննախադեպ նոն-ստոպ շարքը ուշագրավ է նրանով, որ այդպես է կառավարությունը պատասխանելու Վերահսկիչ պալատի եզրակացությանը: Իսկ ավելի ուշագրավ է այն, որ այդ նոն-ստոպ անում են միայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրած վերջին խորհրդակցության ժամանակ «ատդուշի քլգնեց» ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: Ու ստացվում է, որ մինչև այդ նախարարները ասելիք չունեին, իսկ դրանից հետո ասելիքն այնքան շատ է, որ ասուլիսները նոն-ստոպ են անում»,-գրել է «Հայկական ժամանակը»: