03/07/2013 19:18
Թովմասյան. Հիմքեր լինելու դեպքում` վարչապետը պատասխանատվության կենթարկվի
Հնարավոր է` օֆշորային սկանդալում հիմքեր լինելու պարագայում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հարցին, թե Հայաստանում արդարադատություն կարո՞ղ է կիրառվել, հնարավո՞ր է` մի օր վարչապետը պատասխանատվության ենթարկվի, նախարարը նշեց, որ հնարավոր է:
«Եթե հավատ չունենք, որ մեր երկրում կարող է արդարադատություն կիրառվել... Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իրավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Հ. Թովմասյանը:
Անդրադառնալով Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի հայտարարությանը, թե անհնար է առանց տվյալ անձի համաձայնության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, նախարարը կոչ արեց դիմել Կիպրոսի դատախազին. «Ես Կիպրոսի իրավունքի մասնագետ չեմ»։
Քանի դեռ հարցը նախաքննության փուլում է, Հ. Թովմասյանի խոսքերով, իրեն այդ թեմայով հարցեր չտալ. «ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են՝ դատախազության վարույթում, ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղակի կերպով իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա»: