03/07/2013 10:30
Փորձագետի բլոգ. Ինչո՞ւ է շահարկվում Սարսանգի ջրամբարի թեման
Վերջին շրջանում, Ադրբեջանը տարբեր ձևաչափերով հանդիպումներում փորձում է առաջ մղել Արցախի հյուսիսային հատվածում գտնվող Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը՝ այն անվանելով պոտենցիալ աղետ ադրբեջանական 6 շրջանների համար: Ավելին, «Եվրանեսթի» Խորհրդարանական Վեհաժողովի վերջին նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է նույնիսկ այս հարցով բանաձև մտցնել օրակարգ ու քվեարկության դնել, ինչը չի հաջողվել` հայկական պատվիրակության ջանքերով:
Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը նման հետևողական ձևով փորձում է տարբեր ձևաչափերով հանդիպումների կամ քաղաքագետ-վերլուծաբանների միջոցով ակտիվացնել Սարսանգի ջրամբարի թեման:
Առաջին, 2011 թվականին Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ ադրբեջանական կողմը, հանդես գալով 10 նոր առաջարկություններով, ձախողեց հիմնարար սկզբունքների փաստաթղթի ընդունման գործընթացը, վերջինս միջազգային հանրության կողմից ճնշումների ենթարկեց: Արդյունքում` պաշտոնական Բաքվի ապակառուցողականությունն ընդգծվեց:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով` Ադրբեջանը սկսեց նախաձեռնողական կողմի իմիտացիա ստեղծել, ինչը արտահայտվում էր տարբեր առաջարկներով: Մասնավորապես, Կազանի հանդիպումից անմիջապես հետո, Ադրբեջանը հանդես եկավ Հիմնարար սկզբունքների փաստաթուղթը շրջանցելու ու միանգամից Խաղաղության մեծ պայմանագրի մշակման աշխատանքներին անցնելու նախաձեռնությամբ, այնուհետև` Ադրբեջանի նավթային ընկերության ղեկավարը սկսեց խոսել դեպի Հայաստան գազ արտահանելու մասին, իսկ ավելի ուշ, ադրբեջանական կողմը բավականին ակտիվ սկսեց բարձրաձայնել Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը:
Երկրորդ, եթե «Եվրանեսթում» բարձրացված բանաձևը իսկապես հումանիտար բնույթ էր կրում ու Ադրբեջանն իսկապես ցանկություն ունի նման հարցերում համագործակցել ղարաբաղյան կողմի հետ, ապա բանաձևում շեշտը չէր դնի «օկուպացված տարածքներ», «հայկական զորքերի դուրս բերում» հասկացությունների վրա:
Ակնհայտ է, որ նշյալ բանաձևում «հումանիտար» բառն ուղղակի շահարկման է ենթարկվում: Ավելին, տարիներ առաջ ղարաբաղյան կողմն առաջարկել էր ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ համագործակցություն, ինչը ենթադրում էր, որ Արցախը Սարսանգի ջրամբարից ջուր կհատկացնի Արցախի հյուսիս-արևելյան հատվածի սահմանամերձ ադրբեջանական շրջաններին, իսկ Ադրբեջանը կբացի այն գետերի հունը, որոնք ժամանակին հոսել են դեպի Արցախ, սակայն 90-ականների սկզբին, Ադրբեջանը փոխել էր դրանց ուղղությունը՝ զրկելով հայկական գյուղերին ոռոգման հնարավորություններից:
Նույն բանաձևում, Ադրբեջանը փորձում էր ցույց տալ, թե մտահոգ է Արցախի սահմանամերձ ադրբեջանական տարածքների բնակիչների անվտանգությամբ, սակայն, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այդ նույն տարածքի բնակիչները 2 տասնամյակ զրկված են ոռոգման ջրից, իսկ Ադրբեջանը չընդունեց Արցախի համագործակցության առաջարկը՝ ոռոգման ջուր տրամադրել այդ շրջաններին, միանգամից ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Երրորդ, Ադրբեջանը բանակցությունների հետ չառնչվող խնդիրները բարձրաձայնելով ու «կենտրոնական հարց» դարձնելով` փորձում է հեռանալ բուն գործընթացից: Ճիշտ է՝ դրանով տպավորություն է ստեղծում, թե Ադրբեջանը փորձում է լուծումներ գտնել ու իրենից կախված ամեն ինչ անել խնդրի կարգավորման ուղղությամբ, սակայն ստացվում է, որ Ադրբեջանը, հիմնական, առաջնային հարցերը մի կողմ թողնելով, առաջ է քաշում բանակցություններին շատ քիչ առնչվող հարցեր: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ակտիվ ջանքերով կողմերը ավելի են հեռանում համաձայնության եզրեր գտնելու հնարավորությունից:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
27/10/2024 13:10