04/07/2013 09:19
Նախարարի՝ ԱՄՆ գործուղման համար պետբյուջեից 4 մլն 480 հազար է հատկացվել
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի՝ մայիս ամսին Նյու Յորք գործուղումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 մլն 480 հազար դրամ։ Այդ գումարով այս նախարարությունը ձեռք է բերել Երևան-Պրահա-Փարիզ-Նյու Յորք և Նյու Յորք-Փարիզ-Երևան չվերթով 2 ավիատոմս»:
«Ժողովուրդի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ գնված ավիատոմսերից մեկը եղել է բիզնես կարգի՝ հավանաբար նախարարի համար, և արժեցել է 3.1 մլն դրամ կամ 7.5 հազար դոլար, և մեկ էկոնոմ կարգի ավիատոմս էլ՝ 1.3 մլն դրամ կամ մոտ 3 հազար դոլար արժողությամբ, գնել են նրա հետ ԱՄՆ գործուղված իր խորհրդականի՝ Սուրեն Ամիրբեկյանի համար։
«Փաստորեն, եթե ՏԿ նախարարը Նյու Յորք մեկնելու համար ավիատոմսը գներ ոչ թե 7.5 հազար դոլարով, այլ, ասենք, 3 հազարով, նախարարի անվտանգությունը խաթարված կլիներ։ Նա անպայման պետք է մեկներ բիզնես կարգով, որ անփորձանք տեղ հասներ։ Մինչդեռ առավել օրինակելի կլիներ, եթե մնացած գումարը ՏԿՆ-ն խնայեր ու ավելի արդյունավետ ծախսեր։ Ի դեպ, Արմեն Գևորգյանը կարկուտից տուժած գյուղացիներին օգնել էր՝ իր աշխատավարձից որոշ մաս հատկացնելով։ Բայց այդ գումարը հաստատ 3 հազար դոլարի չէր հասնում»,-մեկնաբանել է թերթը: