06/07/2013 13:38
Բացվել է Բեյրութ-Երևան-Բեյրութ ավիաչվերթը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Middle East Airlines» ավիաընկերության կողմից Բեյրութ-Երևան-Բեյրութ ավիաչվերթի բացման կապակցությամբ Հայաստան ժամանած Լիբանանի պատվիրակությանը:
Նախարարությունից հայտնում են, որ սփյուռքի նախարարն իր խոսքում նշել է, որ այս չվերթի բացումը պատմական քայլ է հայ-լիբանանյան հարաբերություններում:
«Կարծում եմ, այսօր երկու կողմի համար էլ չափազանց կարևոր է տրանսպորտային միջոցների մատչելիությունը: Հաշվի պետք է առնենք, որ տարածաշրջանային խնդիրների պատճառով լիբանանյան «Middle East Airlines»-ի այս որոշումը անհրաժեշտություն էր Լիբանանում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար: Նման չվերթի շահագործումը կօգնի նաև երկու երկրների տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը»:
Ներկաներին ողջունել է նաև «Middle East Airlines» ընկերության նախագահ Մոհամմադ Էլ Հութը, ով մասնավորապես նշել է. «Լիբանանի կառավարությունը մեզ հնարավորություն է ընձեռել 12 ուղղություններով չվերթներ իրականացնել, դրանց թվում է նաև Հայաստանը: Պատասխանատվությունը մեծ է և մենք պետք է աշխատենք այնպես, որ բոլորը գոհ լինեն: Այս չվերթով մենք կօգնենք այն ուղևորներին, ովքեր դժվարությամբ էին հասնում Հայաստան: Հենց առաջին չվերթի ժամանակ բոլոր ուղևորները հայեր էին, որն ինձ համար շատ ուրախալի էր, վայրէջք կատարելիս նրանք երգում էին Հայաստանի հիմնը: Հասկանալի է, որ այս որոշումը շատ ավելին էր, քան ես սպասում էի»: