06/07/2013 11:45
Արայիկ Բուդաղյան. Որևէ մեկը իրավունք չունի հաշտության մասին խոսելու
Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է, նա այժմ գտնվում է իր տանը և, հավանաբար, բուժումը կշարունակի տանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Բուդաղյանի եղբայրը` Արայիկ Բուդաղյանը:
Հարցին` ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է հաշտության եզրեր գտնել իրենց ընտանիքի հետ, այդ թվում նաև միջնորդների միջոցով, Ա. Բուդաղյանը նշեց. «Որևէ մեկը իրավունք չունի նման բան անելու և հաշտության մասին խոսելու»:
Ա. Բուդաղյանը հրաժարվեց խոսել հարուցված քրեական գործի ընթացքից: Նաև չցանկացավ պատասխանել արդյոք որոշակի հույսեր կապո՞ւմ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղարկված նամակի հետ, ինչպես նաև՝ արդյոք ապացույցներ ունե՞ն, որ Ս. Խաչատրյանի տանը անաչառ խուզարկություն չի կատարվել:
Ա. Բուդաղյանը, սակայն, նշեց, որ հույսեր կապում է մեր պետությունում արդարադատության հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։
Նախորդող հրապարակում` Արտակ Բուդաղյանի եղբայրը` Խաչատրյանների մասին. Թուրքի նման ընտանիք է