06/07/2013 12:54
«Славянcкий базар»-ի հայ մասնակիցը վաղը կմեկնի Վիտեբսկ
«Славянcкий базар» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը վաղն արդեն կմեկնի Վիտեբսկ։
Մինչ մեկնելն այսօր նա հանդիպեց լրագրողներին, պատմեց իր զգացողությունների, ինչպես նաև նախապատրաստական աշխատաքների մասին:
Երգիչն անկեղծացավ` նշելով, որ անհանգստություն ունի, սակայն բեմում հաղթահարում է ցանկացած անհանգստություն և լարվածություն. «Տրամադրվածությունս շատ լավ է, ինձ համար կարևորը պրոֆեսիոնալների գնահատականն է»:
Երաժշտական կրթություն չունեցող և մասնագիտությամբ իրավաբան Վ. Կիրակոսյանը մրցույթի առաջին օրը կկատարի «Странный этот мир» երգը, երկրորդ օրը` Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը:
«Փառատոնին մասնակցում եմ՝ ոչ մրցանակների և պարգևների համար, այլ` գործընկերներիս կողմից ընդունվելու»,- անկեղծացավ երգիչը:
Մրցույթից հետո նա մեկնելու է Ղրիմ, այնուհետև` Լոնդոն` տեսահոլովակ նկարահանելու:
Այս տարի մրցույթին կմասնակցի 21 երկիր, մասնակիցների կատարումները կգնահատեն ժյուրիի 11 անդամները, նախագահն է Լարիսա Դոլինան: Առաջին անգամ, երգչի խոսքով, մրցույթի ժյուրիի կազմում պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչ, սակայն ինչ-ինչ պատճառներով ժյուրի ընտրված Ռոբերտ Ամրիխանյանը հրաժարվել է: