08/07/2013 10:35
Բացվեց «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը. Ֆոտոշարք
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 10-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին մի շարք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընտանիքով, մի շարք մշակութային գործիչներ ու հյուրեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը, «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավոր «Վիվա-Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Րալֆ Յիրիկյանը: Ր. Յիրիկյանը իր խոսքում ասաց, որ սիրում իր հայրենիքը ու այս փառատոնը, որը Հայաստանի այցեքարտն է դարձել, այդ իսկ պատճառով միշտ պատրաստ է կանգնել փառատոնի կողքին:
Փառատոնի պատվավոր հյուրը աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն է, ում անվանական աստղն արդեն բացված է Շ. Ազնավուրի անվան հրապարակում, իսկ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նրան հանձնեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Փառատոնին ներկա էր նաև կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում կտրվի «Եղիցի լույս» մրցանակը։
Բացման արարողությանը ցուցադրվեց ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմը։ «Ոսկե ծիրանը» կշարունակվի մինչև հուլիսի 14-ը:
Այս տարի 96 երկրից ներկայացված 1200 հայտից փառատոնի ծրագրում ընդգրկվել է մոտ 200 ֆիլմ: