08/07/2013 15:16
Տոլմայի համահայկական փառատոնին կպատրաստվի ամենաերկար տոլման
Ավանդական դարձած տոլմայի համահայկական փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ին` Սարդարապատում և դրա ընթացքում կպատրաստվի ու կցուցադրվի ամենաերկար տոլման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Նպատակ ունենք ներկայացվելիք ամենաերկար տոլման հետագայում զարգացնել ու այնպես անել, որ այդ տոլման գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում»,- ասաց Սեդրակ Մամուլյանն ու ավելացրեց` մրցույթում հաղթողներ են լինելու հետևյալ անվանակարգերում` «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահղացում», «լավագույն սկսնակ խոհարար» և «հանդիսատեսի համակրանք»։
«Անցյալ տարի տոլմայի 60-ից ավել տարատեսակներ են ներկայացվել: Համոզված ենք, որ այս տարի ևս միջոցառումը լավ կանցնի: Այս անգամ մասնակիցներ ունենք նաև Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերից »,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Այս անգամ փառատոնին ներկայացվող տոլման լինելու է վճարովի.
«Նպատակ ունենք ստացված հասույթը փոխանցել Արմավիրի մարզի կարիքավոր դպրոցներից մեկին»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Նշենք, որ այս տարի տոլմայի համահայկական փառատոնը համագործակցում է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ: