09/07/2013 20:02
Երևանում երաժշտական շաբաթ է լինելու. Լինելու են բազմաթիվ անակնկալներ
Սեպտեմբերի 24-29-ը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում կկայանա «Երաժշտական շաբաթ Երևանում» խորագրով համերգաշարը: Շաբաթվա ընթացքում ամեն օր կկայանա երաժշտական որևէ ոճին նվիրված համերգ: Այսպես, սեպտեմբերի 24-ին կլինի ազգային երաժշտությանը նվիրված համերգային ծրագիր, սեպտեմբերի 25-ին` ռոք, սեպտեմբերի 26-ին` դասական, սեպտեմբերի 27-ին` ջազ, սեպտեմբերի 28-ին` էստրադային երաժշտությանը նվիրված համերգ, իսկ սեպտեմբերի 29-ին` կկայանա գալա համերգը: Յուրաքանչյուր համերգից առաջ կլինի Էմիլ Կառատի «Գրիմանոցում» թոք շոուն, որի ընթացքում Է. Կառատը 30 րոպե կզրուցի հանդիսատեսի հետ ամենատարբեր թեմաներով:
Համերգի կազմակերպիչները Էմիլ Կառատն ու Զառա Մխեյանն են, իսկ աջակիցը` Երևանի քաղաքապետարանը:
«Forpostart» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Մարիա Ղուկասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համերգը իրականցվել է միայն կազմակերպիչների անձնական միջոցներով:
«Սա շատ վաղուցվա գաղափար է եղել: Ինչո՞ւ համերգային շաբաթ, որովհետև մեկ օրվա մեջ բոլոր երաժշտական ժանրերը ներկայացնելը բարդ կլինի, իսկ այսպես յուրաքանչյուրը կարող է իրեն հարազատ երաժշտություն լսել: Է. Կառատը ողջ աշխարհում մեծ միջոցառումներ է կազմակերպում, և սա կոմերցիոն նպատակներ ունեցող համերգ չէ, այլ երաժշտական փառատոն, որը հանդիսատեսի կողմից սիրվելու դեպքում կդառնա ամենամյա»,- ասաց նա:
Մ. Ղուկասյանի խոսքով` լինելու են բոլոր ոճերի երաժշտությանը նվիրված համերգներ` բացի ռաբիս երաժշտությունից, իսկ սեպտեմբերի 24-ին կայանալիք առաջին համերգը նվիրված է Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:
«Գաղափարի համաձայն` Ֆ. Մարտիրոսյանը պետք է համերգային ծրագրի բացումը կատարեր և անհնարին է, որ առանց նրա կայանար այս համերգը: Այդ օրվա ընթացքում ելույթ կունենան այն մարդիկ, ում տարբեր նախագծերի ընթացքում ճանաչել և ում մեջ որոշակի պոտենցիալ է նկատել Ֆ. Մարտիրոսյանը: Կհնչեն նրա հին ու նոր երգերը, երգեր, որոնք միգուցե մոռացվելու եզրին էին, ինչպես նաև անակնկալ է սպասվում նրա անվան հետ կապված»,- ասաց Մ. Ղուկասյանը, նշելով, որ լինելու է նաև տեսա և ֆիլմաշար:
Նրա խոսքով` փառատոնը ուզում են համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, այդ պատճառով էլ այստեղ անհրաժեշտ տեխնիկա և դեկորացիաներ չգտնելու դեպքում ամեն ինչ կբերվի արտերկրից: Նա նաև նշեց, որ չի կարող խոսել փառատոնի ֆինանսական կողմի մասին, որովհետև աշխատանքները դեռ ընթացքում են և դեռևս հստակ չէ, թե ինչ գումար է ծախսվելու համերգային ծրագրի իրականացման համար:
Մ. Ղուկասյանը նշեց, որ չեն մոռացվելու նաև հայ այլ մեծ կատարողներ:
«Չեն մոռացվելու նաև Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը և ուրիշ մեծություններ, որոնց պետք է գնահատել նաև կենդանության օրոք»,- ասաց նա:
Նա նշեց, որ ամեն օրվա կատարողների համար նախատեսված են մրցանակներ, լինելու են անակնկալներ, իսկ ամեն տարի փառատոնը նվիրված է լինելու երաժշտական ոլորտում հայտնի որևէ մարդու:
«Եթե հանդիսատեսի աչքերում տեսնենք անկնալիք, նոր փառատոնի մասնակցելու ցանկություն, այն կդառնա ամենամյա»,-ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին կայանալիք գալա համերգի ընթացքում ելույթ կունենան Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Թաթան, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Ռազմիկ Ամյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Արամեն, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արմինակն, Մաշա Մնջոյանը, Արթուր Գրիգորյանը, Երգի պետական թատրոնը: Հաղորդավարները` Լերա Կուդրյավցեվան և Էմիլ Կարատը, Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը և Սիմոն Ղանդիլյանը: