09/07/2013 13:53
Պ. Հայրիկյանը միջնորդեց ամբաստանյալներից բռնագանձել 42 մլն. 524 հազար դրամ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով այսօրվա դատական նիստում տուժողը ճանաչվեց նաև քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը՝ քաղպատասխանողներ:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ` Պ.Հարիկյանն այսօր ներկայացրեց քաղհայց՝ 42 մլն. 524 հազար դրամի չափով ամբաստնյալներից գումար բռնագանձելու մասին: Ինչպես «Փաստինֆոի» թղթակցին հայտնեց Պ.Հայրիկյանը, հայցապահանջի գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով մահափորձի հետևանքով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, կառավարության հաշվարկի վրա: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժեց 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում տեղի ունեցած մահափորձի քննչական փորձարարություն նշանակելու մասին սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Ավետիսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը:
Դատարանը գտավ, որ դեպքի մասին կան ապացույցներ, այդ թվում՝ տուժողի ու ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմուքները, որոնց արժանահավատության վերաբերյալ դատարանը գնահատականներ կտա խորհրդակցական սենյակում: Իսկ ամբաստանյալ Վ.Սեդրակյանից ամբաստանյալ Խ.Պողոսյանի կողմից գնված «Վոլվո» մակնիշի մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Պաշտպանական կողմը գտնում էր, որ միջնորդությունը կարևոր է, որպեսզի որևէ կասկածներ չլինեն, թե մեքենան նախնական վարձատրություն է եղել՝ ապագային միտված: Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ մեքենան վաճառվել է անցյալ տարվա հունիսին, երբ ոչ ինքը, ոչ Պ.Հայրիկյանը չէին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածուներ: Միջնորդության դեմ առարկեց նաև մեղադրող կողմը՝ մեքենայի հանգամանքը մեղադրանքի ծավալի մաս չի կազմում, իսկ դատարանը հորդորեց պաշտպանին ու իր պաշտպանյալին հայտնել, եթե իրենց հայտնի է ավելին, քան կա գործի նյութերում:
Պաշտպան Լ.Ավետիսյանը, սակայն. հավաստիացրեց, որ իրենց ավելին հայտնի չէ: